ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Օրերս տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը: Ի՞նչ եք կարծում, հանրությունը, տեսնելով, թե իշխանության որ ներկայացուցիչներն են այդ խորհրդի կազմում, կվստահի՞ տվյալ խորհրդի աշխատանքներին, կհավատա՞, որ նրանք ի վիճակի են կոռուպցիայի դեմ պայքարելու:
-Իհարկե, վստահությունը կոռուպցիայի դեմ պայքարում կապ ունի, բայց այնտեղ կոնկրետ գործեր պետք է արվեն: Իրոք, հանրության շրջանում անվստահություն կա և ընդդիմության, և իշխանության, և պաշտոնյաների նկատմամբ: Կարծում եմ, մեկ-երկու լուրջ գործ որ իրականացվի, վստահությունը կվերականգնվի: Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե վստահության, այլ հստակ գործերի կատարման հարց է: Որքան գիտեմ, խորհուրդը տրամադրված է կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ հաղորդելու:
-Խորհրդի նիստը ոչ լիարժեք կազմով էր: Ընդդիմադիր քաղաքական ուժերը դրան չէին մասնակցում: Սա հերթական անգամ փաստում է, որ հանրությունն այս խորհրդից ոչ մի ակնկալիք չունի:
-Չմասնակցելն ու քննադատելն ամենահեշտ գործն է: Ընդդիմադիրները պիտի մասնակցեին, քննարկեին հարցերը, վեր հանեին խնդիրները: Կոռուպցիայի դեմ պայքարը միայն այդ խմբի աշխատանքներով չի սահմանափակվում: Կոռուպցիան բազմագույն ու բազմաբաղադրիչ հասկացություն է, որը պետք է սկսվի այդ խորհրդի աշխատանքներից, ավարտվի ամենավերջին չինովնիկի գործունեությամբ, հասարակության մասնակցությամբ: Առանց ժողովրդի ակտիվ մասնակցության ո՞նց ենք պայքարելու: Կոռուպցիան միայն կաշառքը չէ, այլ նաև հովանավորչություն, տարիներ շարունակ ստեղծված կոռուպցիոն այլ մեխանիզմներ:
-Հովանավորչությունը մեր իշխանությունների «ամենանախընտրած» կոռուպցիայի ձևերից մեկն է: Այդուհանդերձ, ինչպե՞ս է հնարավոր, որ իշխանությունը կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Իրենք իրենց դեմ կպայքարե՞ն:
-Կպայքարեն, եթե կամային հատկություններ ունենան: Իշխանությունը մի մարդ չէ, բոլորը չէ, որ կոռուպցիայի մեջ են թաթախված: Անշուշտ, փաստ է, որ եթե օդը վարակված է, բոլորս էլ շնչում ենք ու վարակվում: Բայց ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ պետք է պայքարի հենց իշխանությունը, ո՞վ է ասել, որ կոռուպցիայի դեմ կարող է պայքարել հասարակ ժողովուրդը: Ժողովուրդը լավ տեղեկացված չէ, իսկ հեղափոխական ճանապարհով կոռուպցիայի դեմ չեն պայքարում: Պայքարողների մեջ պետք է լինեն ընդդիմադիր առողջ ուժեր: Իշխանությունը, հասկանալով վիճակը, ունենալով լծակներ, կարողանում է թիրախավորված աշխատանքներ իրականացնել: Այսօր բոլորն էլ, այդ թվում նաև կոռումպացվածը, ուզում են հանգիստ ապրել, եթե փող են աշխատում, հանգիստ, ազնվորեն աշխատել: Կարծում եք հե՞շտ է ապրել կոռուպցիոն միջավայրում: Բայց ամեն մեկն ուզում է սկսել ուրիշից: Սա համաժողովրդական պայքար պետք է լինի:
-Ինչո՞ւ համաժողովրդական: Ակնհայտ է, չէ՞, որ կոռուպցիան շարքային քաղաքացիների, ընդդիմադիրների գործունեության բնույթի մեջ չէ:
-Ո՞վ է ասում, որ նրանք կոռումպացված չեն: Հովանավորչությունը, օրինակ, կարող է «տարածվել» հասարակ աշխատողի վրա: Ենթադրենք, մեկը ոչ թե Արցախում, այլ Երևանում է ուզում բանակում ծառայել, կամ բուհում ընդունվում է ինչ-որ մեկի բարեկամը: Ժողովուրդը չի՞ մասնակցում այս ամենին: Հովանավորչությունն աստիճանական մեխանիզմ է, որը միայն «վերևներով» չի սահմանափակվում, հասնում է մինչև ներքին օղակներին:
-Ձեր նշած օրինակները չնչին են իշխանության վերևներում կատարվող կոռուպցիոն գործարքների համեմատ: Ի վերջո, մի առիթով ՀՀ նախագահը հայտարարեց, որ պետք է սկսել «խոշոր ձկներից»:
-«Խոշորներին» ու «փոքրերին» պետք է միասին բռնել: Եթե «մեծ գլխին» բռնենք, փոխենք, բայց «տակի» մեխանիզմը շարունակի աշխատել, ապա կամ նոր «մեծ գլխին» չեն ընդունի, կամ կսովորեցնեն նույն գործելաոճը: Հետո «մեծ գլուխ» ասածը մի մարդ չէ, այլ մի ողջ մեխանիզմ: Երբեմն մարդը մտնելով մի ոլորտ, ստիպված դառնում է այդ մեխանիզմի մի օղակը, այլապես պետք է չաշխատի: Այսինքն շատերն ակամայից են հայտնվում կոռուպցիոն գործարքներում:
-Ձեր նշած մեխանիզմը, ըստ էության, գործող համակարգն է, որի շուրջ հավաքված է իշխանության ողջ «գունապնակը»: Փաստորեն, կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է համակարգի փոփոխություն: Այդպես չէ՞:
-90-ականներից ստեղծվեց մի մեխանիզմ, որով պաշտոնական դիրքն օգտագործվում էր փող աշխատելու համար: Ասել է` մարդը չի աշխատում, բայց հովանավորում է, որ մեկ ուրիշն աշխատի: Ստեղծվեցին այսպիսի մեխանիզմներ, որոնք պետք է վերացվեն:
-Դուք անձամբ հավատո՞ւմ եք, որ այս խորհուրդն ի վիճակի կլինի «կպնելու» յուրայիներին, բացահայտելու կոռուպցիոն գործարքները:
-Շատերը կարծում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեկ-երկու մարդ բռնելով, ազատելով է: Սովորաբար բռնում են ավելի թույլերին, անփորձներին: Հավատում եմ, որ այս խորհուրդը կկարողանա սայլը տեղից շարժել։ Արդեն բոլորն էլ տեսնում են, որ կոռուպցիան մեծ չափերի է հասել, ու դրա դեմը պետք է առնել: Այո, ոմանց պետք է հրապարակային բացահայտել: Վերացնել կոռուպցիան անհնար է, պետք է նվազագույնի հասցնել: Եթե այս նախաձեռնությանն աջակցեին անկեղծ տրամադրված ընդդիմադիրները, ապա նախ կհսկեին խորհրդի անդամներին, հետո էլ կասեին, թե ինչ ձևով են աշխատում:
-Տարօրինակ չէ՞, որ խորհուրդը ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը: Ճի՞շտ չէր լինի, որ ընդդիմության ներկայացուցիչ լիներ նրա տեղում:
-Դրանից ի՞նչ կփոխվեր: Ընդդիմադիր ներկայացուցիչն այն ուժը չէր ունենա, որ կարողանար աշխատանքները կազմակերպել: Այդ աշխատանքում նաև լծակներ են պետք: Ընդդիմության ներկայացուցիչն ի՞նչ պիտի աներ:
-Այսինքն, «գործից» լավատեղյակը պիտի ղեկավարի:
-Չէ, պարզապես կոռուպցիա գոյություն ունի նաև իշխանական համակարգերում: Ընդդիմադիր գործիչը «խոհանոցին» ծանոթ չէ: Ենթադրենք, ընդդիմադիր գործիչ եղավ ու հայտարարեց, թե էս-էս է կատարվում, եթե մեխանիզմին չի տիրապետում, ո՞նց պետք է պայքարի: Ընդդիմությունը պիտի լինի խորհորդի կազմում, որ երևա` այս ամենն իմիտացիա՞ է, թե՞ լուրջ աշխատանք:
Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ